ԱրարատԲանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստորագրեցին 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ուղղված կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրամիության, Կանաչ կլիմայի հիմնադրամի և Կլիմայական նախաձեռնությունների հիմնադրամի գործընկերությամբ։
ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը նշեց, որ վերջին տարիներին միջազգային գործընկերների հետ փորձը խոսում է այն մասին, որ ԱրարատԲանկը մեծ արդյունավետությամբ է համատեղ ծրագրերն իրականացրել:
«Այժմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ կնքում ենք պայմանագիր, որի ֆինանսավորման առնվազն 70%-ը նախատեսված է կանաչ տեխնոլոգիաների համար, իսկ 30%-ը՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար։ Եվ երրորդ կարևոր աջակցությունն ուղղված է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին: Այս ծրագրի շրջանակներում փորձելու ենք աջակցել նրանց, որպեսզի դառնան կայացած կամ կայացող բիզնեսի ներկայացուցիչներ: Այս ծրագրերը հիմնականում իրականցվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության տիրույթում»,- նշեց ՝ ԱրարատԲանկի գործադիր տնօրենը:
Մհեր Անանյանի խոսքով՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում վարկառուները կստանան ԵՄ դրամաշնորհներ և անվճար միջազգային խորհրդատվական ծառայություններ։
«Մենք կարծում ենք, որ այս համագործակցությունը շատ արդյունավետ կլինի և այս պայմանագրի կնքումը և համագործակցությունը կբերի նոր պայմանագրերի և նոր ուղղությունների զարգացման»,- ասաց նա:
ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին նշեց՝ կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ներդրումները ներառում են արևային ֆոտովոլտային վահանակներ, երկրաջերմային պոմպեր, էլեկտրական տրանսպորտային միջոցներ և լիցքավորման ենթակառուցվածքներ։
«Այն ուղղված է աջակցելու փոքր և միջին ձեռնարկություններին՝ ներդրումներ կատարելու էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում, բացի դրանից այն ունի քեշբեքի՝ կանխիկի վերադարձի հնարավորություն: Մասնավորապես վարկային միջոցները տրամադրվում են տեխնոլոգիաների նոր միջոցառումների ձեռնարկման համար և կախված տեխնոլոգիաներից կա համապատասխան դրամաշնորհային բաղադրիչ, որը կազմում է 15 տոկոս: Պետք է նշեմ, որ այս պրոդուկտը լայն տարածում ունի հայկական շուկայում և մենք ուրախ ենք ԱրարատԲանկի հետ ևս մեկ անգամ համագործակցել այսպիսի նախաձեռնության շրջանակում»,- ասաց ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավարը:
Ծրագիրը ներառում է նաև հատուկ բաղադրիչ՝ ուղղված 2020-2023 թվականներին ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցությանը։ ՎԶԵԲ-ը խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի ինչպես տեղահանված անձանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, այնպես էլ նրանց աշխատանքով ապահովող ընկերություններին։
ԱրարատԲանկի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը մեկնարկել է 2007 թվականից, և առ այսօր ներդրումները տնտեսության մեջ կազմել են ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար։